23/06/2023 14:40
Եթե այդ կետը պետք է խանգարի խաղաղության պայմանագրին, կարելի է այլ տարբերակ առաջարկել. Աղազարյանը՝ ԼՂ հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Բայրամովի հայտարարության մասին
Արցախի մեր հայրենակիցներն արդեն բավականին երկար ժամանակ է՝ հայտարարել են իրենց անկախության մասին և իրենք գնում են այդ ճանապարհով, որպեսզի իրենց անկախությունը ընդունելի լինի աշխարհի, մասնավորապես, Ադրբեջանի համար։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նաև նշեց, որ խաղաղության համաձայնագիրը, որը պետք է կնքվի ՀՀ-ի և Ադրբեջանի հետ, Արցախի խնդրի հետ որևէ կապ չպետք է ունենա.«Հետևաբար, Բայրամովի բարի նպատակները՝ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված և հետագայում չկնքելու համար տարբեր առիթներ ման գալն իրենց գործելաոճն է։ Մենք չենք կարող անտարբեր մնալ մեր հայրենակիցների ճակատագրին, և դա չպետք է դիտվի Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն, ինչպես երևի թե ներկայացրել է Բայրամովը։ Եթե այդ կետը պետք է խանգարի, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի, դրա շուրջ կարելի է մտածել, թե դրան համարժեք ինչ պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել»։
ՔՊ-ական Լիլիթ Մինասյանն էլ ավելացրեց, որ ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմների ներգործությամբ.«Այդ դիրքորոշումը չի փոխվել, շուտով կլինի բանակցությունների հաջորդ փուլը և ինձ թվում է, որ բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումները կմնան նույնը։ Իրենց ԱԳՆ-ն դա է հայտարարում, մեր ԱԳՆ-ն էլ հակառակն է հայտարարում»:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ղարաբաղի հայ փոքրամասնությանը հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտության։