23/06/2023 13:12
Անում ենք ամեն բան մեր դիմորդների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար. Արցախի ԿԳՄՍ նախարար
Արցախում դիմորդների կրթության իրավունքի իրացման խոչընդոտների, մշակութային, սպորտային կյանքի կազմակերպման դժվարությունների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի հետ։
- Ինչպե՞ս է կազմակերպվել և կազմակերպվում Արցախում ապրող դիմորդների՝ Երևանում կամ արտերկրում քննություն հանձնելու, կրթության իրավունքի իրացման հարցը՝ շրջափակման պայմաններում։
- Արդեն ավելի քան վեց ամիս տևող շրջափակման պայմաններում Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իր պատասխանատվության ոլորտներում ամրագրված միջոցառումներն իրականացվեն անխափան: Ինչպես գիտեք, հունիսի 9-ից Արցախում մեկնարկել են միասնական քննությունները, դրանք շարունակվում են նաև հիմա, կտևեն մինչև հունիսի 27-ը: Միասնական քննությունները կազմակերպվում են հավուր պատշաճի՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ: Դեռևս ոչ մի լուրջ խնդիր չի առաջացել, հուսով ենք, որ այդպես կշարունակվի մինչև միասնական քննությունների ավարտը: Անում ենք ամեն բան մեր դիմորդների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար:
ՀՀ կամ արտերկրի բուհերի դիմորդների համար (ընդունվելու դեպքում) կազմակերպելու ենք կենտրոնացված տեղափոխում ՀՀ: Աշխատանքներ են տարվում նաև ՀՀ-ում սովորող ուսանողներին Արցախ տեղափոխելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ամառային արձակուրդի անցկացումը ընտանիքների հետ: Իրավիճակով պայմանավորված՝ փորձում ենք գտնել հնարավոր արդյունավետ լուծումներ:
- Շրջափակման պայմաններում ի՞նչ խոչընդոտներ կան Արցախում կրթական կյանքի լիարժեք կազմակերպման համար։
- Կրթական կյանքի լիարժեք կազմակերպման համար շրջափակման պայմաններում խոչընդոտները կապված են ՀՀ-ից որոշ տեխնիկական միջոցների տեղափոխման հետ։ Լաբորատորիաներ, մարզական գույք, գրականություն ու դասագրքեր և այլ նյութական միջոցներ անհրաժեշտ են լինելու մեզ նոր ուսումնական տարին լիարժեք կազմակերպելու համար: Սակայն, դրանց Արցախ բերելու անհնարինությունը դեռ չի նշանակում, որ պիտի հուսահատվենք և չեղարկենք բոլոր ծրագրերը: Մեր ներքին ռեսուրսների և ներուժի հաշվին աշխատելու ենք և անելու ենք անհնարինը, որպեսզի ապահովենք կրթության պատշաճ որակ:
- Արցախում ապրող մարզիկների՝ ՀՀ-ում, արտերկրում կազմակերպվող մրցաշարերին մասնակցելու իրավունքը ևս խաթարվել է, այս հարցում ի՞նչ հնարավոր լուծումներ են դիտարկվում։
- Ցավոք, բազմաթիվ մարզաձևերից մեր լավագույն մարզիկները շրջափակման պատճառով մնացել են Հայաստանի Հանրապետությունում՝ հնարավորություն չունենալով վերադառնալ հայրենիք: Բայց, մյուս կողմից էլ այս իրավիճակը հնարավորություն է ստեղծել նրանց համար՝ ներգրավվելու հայաստանյան և միջազգային տարբեր մրցաշարերի և առաջնությունների: Ուստի՝ որոշ մարզաձևերում արցախցի մարզիկները կարողանում են ներկայանալ:
Իհարկե, մեծ թվով տիտղոսակիր մարզիկներ, որոնք ամեն տարի Արցախը պատվով ներկայացնում էին տարբեր առաջնություններում, այսօր շրջափակման պատճառով հնարավորություն չունեն մասնակցելու դրանց, չնայած որ բազմաթիվ հրավերներ են ստանում: Հնարավոր լուծումները քննարկվում են:
- Շրջափակման պայմաններում ի՞նչ խոչընդոտներ կան Արցախում մշակութային կյանքի լիարժեք կազմակերպման համար։
- Արցախում ունենք ինքնաբավ մշակութային բազա. մեր համույթները, ստեղծագործական կենտրոնները և այլ մշակութային օջախներ բավական ակտիվ գործունեություն են ծավալում թե՛ քաղաքամայր Ստեփանակերտում և թե՛ շրջաններում: Լուրջ խնդիրն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հնարավորություն չունենք ՀՀ-ից և արտերկրից տարբեր մշակութային գործիչների հրավիրել Արցախ: Այնուամենայնիվ, ներքին ռեսուրսներն օգտագործելով՝ ձգտելու ենք հնարավորինս աշխույժ պահել մշակութային կյանքն Արցախում:
Հուսանք և սպասենք, որ շուտով Արցախը կունենա արտաքին աշխարհի հետ կապվելու ռեալ հնարավորություն, և բոլոր ոլորտներում շրջափակման հետևանքով խաթարված կյանքը կվերականգնվի: