23/06/2023 18:19
Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխային անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստան․ Արցախը լիակատար շրջափակման մեջ է՝ առանց հումանիտար տեղաշարժի հնարավորության
Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և շուրջ 190 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։
Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, կարիք ունի անհապաղ տեղափոխման։
Այս պահի դրությամբ Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում։
Այս օրերին ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների և դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները։
Արցախի առողջապահության նախարարությունը այս օրերին որոշակի չափաքանակաով պահեստավորել է դեղորայք և բժշկական պարագաներ, սակայն պաշարները շատ սուղ են և իրավիճակի շարունակական լինելուն պես համակարգը կկանգնի լուրջ խնդիրների առջև։