23/06/2023 22:04
Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ քննարկվել են պարենային ապահովման խնդիրները՝ լիակատար շրջափակման պայմաններում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները:
«Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը զեկուցել է հումանիտար բեռնափոխադրումների կասեցման պատճառով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ կատարվող միջոցառումները և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մեկնարկել են անցած ամիսներին և ուղղված են պարենային անվտանգության ոլորտում կանխատեսելի ռիսկերի նվազեցմանը:
Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է վառելիքի սղության պայմաններում բերքահավաքի կազմակերպման և գյուղատնտեսական արտադրանքի հավաքագրման ու մատակարարման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված ճգնաժամային պայմաններում բնակչության կենսապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի հասցեականության ու արդյունավետության ապահովման վրա: