23/06/2023 15:46
ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
ԵՄ խորհուրդն այսօր հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթը, որով նաև փորձ կարվի կանխել նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցման դեպքերը: Պատժամիջոցների ցանկում են ներառվել տասնյակ նոր ընկերություններ մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունը:
«Եվրահանձնաժողովը ողջունում է ԵՄ խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հաստատումը: Այս փաթեթը կերաշխավորի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն է՛լ ավելի լավ պահպանվեն և իրագործվեն», - նշված է փաստաթղթում:
Պատժամիջոցների շրջանցման դեմ նոր գործիքակազմը թույլ կտա ԵՄ-ին սահմանափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը որոշակի երրորդ երկրներ, որոնք, ինչպես համարվում է, շարունակում են պատժամիջոցները շրջանցել կամ դրա բարձր ռիսկի տակ են:
Այս փաթեթով պատժամիջոցների ցանկում կներառվեն 87 նոր ընկերություններ, «որոնք ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի ռազմական ու արդյունաբերական համալիրներին»։
«Դրանք կենթարկվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումների երկակի նշանակության և առաջադեմ տեխնոլոգիաների ապրանքների համար», - նշված է փաստաթղթում:
Ըստ հայտարարության՝ արդեն իսկ ցանկում ներառված Ռուսաստանի և Իրանի ընկերություններին կավելանան այն ընկերությունները, որոնք գրանցված են Հայաստանում, Չինաստանում, Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սիրիայում։