23/06/2023 18:06
Քաղաքապետարանը պատվիրել է 1200 աղբաման ու մոխրաման ու «գցել» գործարարին. նա 8 միլիոնի վնաս է կրել, փոխքաղաքապետն ասում է՝ չարտադրեիք
«Չկա հարգանք քաղաքացու նկատմամբ: Պետք է հիշել, որ այն գեղեցիկ կաբինետներում, որ նստած են՝ շքեղ մեքենաներ, քարտուղարներ, դա քաղաքացու հարկերի հաշվին է»,- այսօր ԱԺ Մարտու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երեւանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» թեմայով քննարկմանն ասել է «Հայաստանի գործատուների հանրապետության միության» ղեկավար Գագիկ Մակարյանը, փոխանցում է aravot.am-ը։
Նա նշել է, որ Երեւանում անորակ շինաշխատանքներ են կատարվում, տպավորություն է, թե ֆայլաբազարից ինչ-որ մարդկանց են բռնել ու բերել, աշխատացնում: Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ երկու տարի է՝ չունի ո՛չ աշխատասենյակ, ո՛չ հեռախոս, ո՛չ մեքենայից օգտվելու հնարավորություն. այն, ինչ ունեն խմբակցության անդամները, անկախ ավագանու անդամը չունի նույն իրավունքները. «Ես ստիպված եմ ժամերով միջանցքում սպասել»: Բացի այդ, նա նշեց, որ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ դիմումներին քաղաքապետարանը ուշ է պատասխանում: Խնդիրը այդ խայտառակ կենտրոնացումն է, ամբողջը կենտրոնացրել են Երեւանի քաղաքապետարանում, վարչական մարմինները դարձել են իզուր շենք զբաղեցնող մարմիններ, բոլոր գործառույթները քաղաքապետարանը վերցրել է: Վարչական շրջանը պետք է զբաղվի իր բնակչի հարցով, որ նա չգնա հասնի քաղաքապետարան»:
Ըստ Իզաբելլա Աբգարյանի, քաղաքապետարանում կադրային ուռճացում կա, ավելացնում են օգնականներ, smm մասնագետներ. «Գործադիրը բերեց նախագիծ, որ Երեւանի քաղաքապետարանը կարող է ունենալ չզեկուցվող հարցեր: Դա ուղղակի խայտառակություն է: Արդյունքում պուրակը դառնալու է բազմաբնակարան շենքերի կառուցման համար հարթակ: Սա պրակտիկայում եղել է: Ընդ որում, չզեկուցվող հարցերը գալիս են փաթեթով, եւ ավագանու անդամի կարծիքը կարող են անտեսել: Բացի այդ, եթե ավագանու անդամը նիստի 50+1 %-ը չի քվեարկում, փոխհատուցում կարող է չստանալ: Ավագանու անդամը ծախսերի փոխհատուցում է ստանում ու դա չի ստանում՝ նիստին գտնվելու համար․ քաղաքացիների հետ հանդիպումների համար են, տրանսպորտային հարցերի, ինչո՞ւ պիտի չստանա: Դա պատժիչ միջոց է՝ ընդդիմադիրների: Իշխանությունը ցանկացած պահի կարող է բոյկոտել նիստը, եւ ընդդիմությունը չստանա ծախսերի փոխհատուցումը»:
Շինարար, ակտիվիստ Արթուր Չախոյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը անորակ շինաշխատանքներ է կատարում, տեխհսկող է լինում, բայց ավարտական ակտը ստորագրում են ու հարցը փակում: «Մոեֆֆ գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը պատմեց, որ իրենք զուգարան ու սանտեխնիկա են արտադրում և դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ հասարակական զուգարանների համար մատակարար լինելու հարցով: Քաղաքապետարանից 2 ժամ հետո արձագանքել են. «Ասացին՝ մենք կես տարի է՝ աղբաման, մոխրաման ենք ման գալիս Եվրոպայով, կարո՞ղ եք նմուշը բերել, ձեր կատալոգում կա: Նմուշը բերեցինք, Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ էր, մրցույթի դրվեց դեկտեմբերին իրենց տեխպայմաններով, հունվարի 22-ին մեր պայմանագիրը կնքեցինք, մենք հաղթող էինք: Մյուս կազմակերպությունը 2 անգամ ավելի շատ գումար էր պահանջել: Մեր 50 հոգի աշխատատեղը այդ ընթացքում 67 սարքեցինք, արտադրեցինք: Հետո Հրաչյա Սարգսյանը մարտի 7-8-ին ասաց՝ մտավախություն ունենք, որ սա կգողանան, բայց դա ի՞նչ գողանալ, բետոնի մեջ էր մտնում: Հետո ասացին՝ մենք ֆինանսավորում չունենք: Իսկ մենք արդեն 50 կոմպլեկտ արտադրել էինք, 10 ամսվա մեջ պիտի 1200 հատը արտադրեինք ու այդ հաշվարկով արտադրում էինք: Ինձ քաղաքապետարանից կանչեցին, ասացին՝ օրենք կա պետական գնումների, եթե գնումների մրցույթն անցկացվում է, բայց ֆինանսավորում չկա 6 ամսվա մեջ, ինքը ավտոմատ լուծարվում է: Սպասում են՝ 6 ամիսը անցնի, նոր մրցույթ դնեն 1000 հատի: Լավ, ո՞նց կլինի, ես 8 մլն իմ գրպանից դրել եմ, որպես գործարար: Սկզբում ասում էին՝ գողանալու են, հետո ասում էին՝ թանկ է»:
Գործարարը մինչ օրս նամակ-դիմումներ է գրում Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներին, վարչապետ Փաշինյանին, կառավարության աշխատակազմի ղեկավարին, դիմել է դատախազություն, ու ոչ մի արդյունք: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը մասնակցում էր քննարկմանը, ասաց. «Դուք պայմանագրի կնքմանը չսպասելով՝ սկսել եք որոշակի արտադրություն, հետո քաղաքապետարանին ասում եք՝ ինչի՞ չեք ինձ վճարում: Դուք չունեք մատակարարման պայմանագիր: Եթե քաղաքապետարանը պայմանագիր կնքած լիներ՝ թանկ է, էժան է, կգողանան, թե չէ՝ դրա մասին պետք է ավելի շուտ մտածեր, բայց պայմանագիր, որքան գիտեմ, չկա»: Փոխքաղաքապետի պարզաբանմամբ՝ այն, որ գործարարը մրցույթում հաղթող է ճանաչվել, դեռ չի նշանակում, որ նրա հետ մատակարարման պայմանագիր են կնքել: