23/06/2023 20:41
Գլոսոդինիա. Բերանի խոռոչի այրոցի առաջնային և երկրորդային համախտանիշ
Բերանի խոռոչի այրոցի համախտանիշը առանց ակնհայտ պատճառի բերանի խոռոչում շարունակական կամ կրկնվող այրող զգացողությունն է:
Այրոցը հնարավոր է զգալ լեզվի, լնդերի, շրթունքների, այտերի ներսի, քիմքի կամ ամբողջ բերանի մեծ շրջանների վրա: Այրոցի զգացումը կարող է ուժեղ կամ նույնիսկ ցավոտ լինել՝ ասես բերանն այրվել է խիստ տաք ըմպելիքով։
Բերանի խոռոչի այրոցի համախտանիշը սովորաբար առաջանում է հանկարծակի, սակայն նաև կարող է զարգանալ դանդաղ: Հաճախ կոնկրետ պատճառը հնարավոր չէ գտնել: Թեև դա դժվարացնում է բուժումը, բայց բժշկի հետ սերտ համագործակցությունը կարող է օգնել նվազեցնելու ախտանիշները:
Բարդությունները, որոնք կարող է առաջացնել բերանի խոռոչի այրոցի համախտանիշը, հիմնականում կապված են անհարմարության հետ, ինչպիսիք են քնելու կամ ուտելու դժվարությունը:
Երկարաժամկետ դեպքերը, որոնք պատճառում են մեծ անհանգստություն, կարող են հանգեցնել նաև կյանքի որակի նվազման կամ դեպրեսիայի:
Բուժումը կախված է նրանից, թե առկա է առաջնայի՞ն, թե՞ երկրորդային համախտանիշ:
Առաջնային բերանի խոռոչի այրոցի համախտանիշի համար բուժման որևէ հստակ միջոց չկա: Բուժումը կախված է նրանից, թե ինչ ախտանիշներ կան և պարզապես ուղղված է դրանց վերահսկմանը: Հնարավոր է մի քանի մեթոդ փորձել՝ նախքան դրանցից մեկը կամ լավագույն համակցությունը գտնելը, որը կօգնի նվազեցնել բերանի խոռոչի հետ կապված գանգատները:
Բուժման տարբերակները կարող են ներառել՝
թուքը փոխարինող արտադրանք,
բերանի խոռոչի հատուկ ողողումներ,
ցավազրկողներ,
ալֆա-լիպոյաթթու՝ հակաօքսիդանտ, որը կարող է օգնել նյարդային ցավի թեթևացմանը։
դեղամիջոցներ, որոնք դադարեցնում են նյարդային ցավը,
կոգնիտիվ-վարքաբանական թերապիա՝ անհանգստության և դեպրեսիայի դեմ պայքարելու, սթրեսը նվազեցնելու և շարունակական ցավը հաղթահարելու գործնական հմտությունների զարգացման համար:
Երկրորդային բերանի խոռոչի այրոցի համախտանիշի դեպքում բուժումը կախված է այն հիմնական խնդրից, որը կարող է առաջանալ։
Օրինակ, բերանի խոռոչի վարակի բուժումը կամ վիտամինների ցածր մակարդակի համար հավելումներ ընդունելը կարող է թեթևացնել ձեր խնդիրը: Այդ իսկ պատճառով կարևոր է գտնել պատճառը և հետևել բժշկի ցուցումներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ