23/06/2023 19:32
Դժվար է համակերպվել իրականությանը, որ 19 տարեկանում միակ երազանքդ ծնողներիդ նորից տեսնելն է. Արցախցի ուսանող
Գայանե Հարությունյանը սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Վերջին անգամ տուն՝ Արցախ, գնացել է 2022 թվականի նոյեմբերին, ասում է՝ երբ ճանապարհը փակվեց, կարծեցինք, թե գուցե հերթական սադրիչ քայլն է, շուտով կբացեն, բայց արդեն կես տարի դրան ենք սպասում․
«Որքան էլ, որ հասուն մարդ ես, սովորել ես մենակ ապրելուն, ինքդ քո մասին հոգ տանելուն, բայց մեկ է, չես կարողանում համակերպվել մտքին, որ 19 տարեկանում միակ երազանքդ ծնողներիդ տեսնելն է։ Ընտանիքս, իհարկե, քաջալերում է, թվում է, թե ես պիտի իմ տաքուկ տեղից իրենց քաջալերեի, բայց ճիշտ հակառակն է՝ իրենք են ասում՝ ոչինչ, դիմացիր։ «Կարմիր Խաչ»-ի միջոցով պետք է վերադառնայի Արցախ, արդեն իրերս դասավորել էի, ինձ ամենաերջանիկ մարդն էի համարում, երբ զանգեցին ու ասացին, որ չեմ կարող տուն գնալ, որովհետև Ադրբեջանը հունիսի 15-ից հետո «Կարմիր Խաչ»-ի առջև էլ փակել է Արցախի դռները։ Ամեն դեպքում, հույսս չեմ կորցնում»։
Գայանեն ասում է՝ թվում է՝ Երևանում ամեն ինչ կա, մինչդեռ հայրենիքի համար մտահոգ մարդկանց պակասը զգացվում է։
«Քննություններս ավարտելուն պես մասնակցեցի սահմանի համար ցանց գործելու աշխատանքներին, անընդհատ փորձում եմ նմանատիպ նախաձեռնությունների մասնակցել, որ ինձ պիտանի զգամ։ Բայց հաճախ հանդիպում եմ մարդկանց, որոնք խիստ անտարբեր տոնայնությամբ հարցնում են՝ ինչի՞ համար են ցանցերը։ Թվում է՝ այդ մարդիկ ուրիշ մոլորակում են ապրում, և մեր հայրենիքի սահմաններն իրենցը չեն»։
Գայանեն ընդգծում է՝ արցախցի, թե երևանցի. անտարբեր մարդկանց հասկանալ չի կարող։
«Հատկապես էմոցիոնալ լարված օրերին, երբ անսահման շատ կարոտ ես զգում, կարիք ունես հանդիպելու սրտացավ, հոգատար մարդկանց։ Կարոտել եմ Արցախի պարզությունը, մթնոլորտը, Արցախում ապրող կամքով լցված մարդկանց»։
Գայանեն պատրաստվում է ընդմիշտ վերադառնալ Արցախ, ասում է՝ ընդմիշտ, չի նշանակում, թե Երևանի հետ կապը չի պահելու։
«Հիմա միտում կա՝ երիտասարդները պատճառաբանելով, թե Արցախում կյանքը դժվար է, ուսում ստանալու հնարավորությունները՝ քիչ, նախընտրում են Երևան գալ։ Ես որոշել եմ ճիշտ հակառակն անել։ Կա գիտակցում, որ Արցախը պետք է պահել՝ ապրելով, ես այդ պահողներից մեկը կլինեմ։ Հիմա էլ Երևանից տեսնում եմ՝ շատ երիտասարդներ փորձում են կյանքն Արցախում աշխուժացնել, ես էլ ուզում եմ իրենցից մեկը դառնալ։ Ունեմ գիտակցում, որ կարող եմ օգտակար լինել հայրենիքիս։ Ես չեմ սիրում պարտված լինել, բայց հիմա այս վիճակում՝ Արցախից հեռու, ինձ պարտված եմ համարում, ուստի կվերադառնամ Արցախ, ուսումս կշարունակեմ Արցախում, թող լինեմ որևէ մեկի համար օրինակ։ Հենց երիտասարդներս պիտի պատասխանատվություն ստանձնենք մեր վիրավոր Արցախը ապաքինելու գործում»։