23/06/2023 17:03
Կոչերը, բանաձևերը բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար․ պետք է հասնել պատժամիջոցների սահմանման՝ Ադրբեջանի և իշխող վարչակազմի անդամների նկատմամբ․ Հայտարարություն
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժմումն արձագանքել է ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևին․
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին կայացած լիագումար նիստի ժամանակ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որով արձանագրում է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է:
Բանաձևը կոչ է անում Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակված վճիռը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Վեհաժողովը նաև իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայերի նկատմամբ կիրառվող թշնամական քաղաքականություն վերաբերյալ՝ կոչ անելով Բաքվին քայլեր ձեռնարկել ատելության խոսքի դեմ պայքարելու համար:
Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու կողմերում՝ էլ ավելի խորացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում:
Այս դրվագը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի Ադրբեջանը միջազգային կոչերի, բանաձևերի ու անգամ դատարանների որոշումների նկատմամբ: Սա փաստում է այն մասին, որ կոչերը, բանաձևերը բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար, նման գործելաոճը պետք է հստակ պատժի արժանանա միջազգային մեխանիզմների շրջանակներում:
Եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունը, ապա պետք է հասնել պատժամիջոցների սահմանման Ադրբեջանի և իշխող վարչակազմի անդամների նկատմամբ: Սա Ադրբեջանին զսպելու միակ իրական տարբերակն է»։