23/06/2023 17:34
Կանայք կաթնախառնուրդներ են տարել ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի դրանք հասցնեն արցախցի փոքրիկներին
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանայք բողոքի ակցիա են իրականացնում` ի պաշտպանություն լիովին շրջափակված Արցախի։
Նրանք գրասենյակի մոտ դրել են մանկական կերեր, այդ կերպ մատնանշելով, որ հումանիտար ճգնաժամը Արցախում վնասում է նաև փոքրիկներին. նրանք զրկված են մանկական կերերից։
Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՄԱԿ-ն այն կազմակերպությունն է, որը մշտապես խոսում է երեխաների իրավունքների մասին և աշխարհում նրանց իրավունքների կոնվենցիաների ազատամարտիկն է.«Կարծում եմ, որ այս 8 օրերի ընթացքում հենց իրենք պետք է ամենաշատ մտահոգվածը լինեին, թե ինչպես են ապրում Արցախում երեխաները, մինչև մեկ տարեկան երեխաները, որոնք ուղղակի կաթնախառնուրդով են սնվում, և ինչ պայմաններում են առհասարակ։ Ես 6 ամսից ավելի այնտեղ շրջափակման մեջ էի և ինքս եմ ականատես եղել, թե ինչպիսի անելանելի իրավիճակ էր հենց այս երեխաների մոտ։ Արդյունքում այս երեխաներն ամենաանպաշտպանն էին։ Եթե բնության բարիքներով հնարավորություն կա, որպեսզի մեծահասակները գոյատևեն, ապա այս երեխաներն այդ հնարավորությունը չունեն։
Քանի որ իրենք 8 օր շարունակ անտարբեր են տեղի ունեցող իրավիճակի նկատմամբ, ապա գոնե թող պարտավորվեն երեխաներին կաթնախառնուրդ հասցնեն»։
Նրանք սպասում են, որպեսզի գրասենակի ներկայացուցիչը հանդիպի իրենց հետ և խոստանա, որ կաթնախառնուրդները տեղ կհասցնեն։