23/06/2023 09:58
«Ժողովուրդ». Դիլիջանյան ծեծկռտուքից հետո իշխանականները դեռ չեն հանդարտվում․ «ռազբորկան» շարունակում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագրի» դիլիջանյան ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում. իշխանականները դեռ շարունակում են հաշիվ մաքրել միմյանց հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթ ՔՊ-ի դիլիջանյան քեֆն ավարտվել էր ծեծկռտուքով. ՔՊ-ականները ծեծել էին Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանին, որը անցել ու ոմանց չէր բարևել: Հիմնական հավաքվածները եղել էին ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել էր Մաթևոսյանին, թե՝ որ անցնում ես, ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել էր, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել էին վիճաբանել, քաշքշել իրար ու ծեծել:
Պարզվում է՝ այս միջադեպից հետո իշխանականները դեռ չեն հանդարտվում, պարբերաբար հանդիպում են իրար հետ, շարունակում «ռազբորկան»: Նախ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը համարվում է Վայքի համայնքապետի հովանավորը, որոշել էր հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ: Սա էլ դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ հանդիպել են մարզպետների հետ: Կռվի սիրահար ՔՊ-ականները հասկացել են, որ բարկացրել են Նիկոլ Փաշինյանին, ու որոշել են հանդիպել, մի վերջին անգամ զրուցել, ծեծկռտուքի թեման փակել, որպեսզի կրքերը չբորբոքվեն, ու Փաշինյանին չբարկացնեն:
Արդյո՞ք ՔՊ-ականները կհանդարտվեն, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ թավշյա հեղափոխականներն իրենց կրիմինալ վարքուբարքով չեն զիջում անգամ նախկիններին՝ փաստ է»։