24/06/2023 18:50
Գովազդվող նիհարեցնող միջոցները վտանգավոր են առողջություն համար և մեծ ռիսկեր են պարունակում. Սննդաբան Վարդանուշ Պետրոսյան
Համացանցային տարբեր հարթակներում հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են գովազդվում հեշտ ու արագ նիհարեցման նպատակով սննդային հավելումների և դեղերի օգտագործումը, ինչը ոչ միայն չի լուծում ստեղծված խնդիրը, այլև, հակառակը, հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ ռիսկեր են իրենցից ներկայացնում նման դեղամիջոցներն ու ինչ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ մարդու առողջության վրա։
«Ճարպակալումը խրոնիկ հիվանդություն է, և ցանկացած հիվանդությամբ զբաղվում է բժիշկը։ Ինչպես հիվանդությունների մեծ մասը, սա էլ ունի դեղորայքային բուժման տարբերակներ։ Կան դեղորայքներ,որոնց մեծ մասը,ցավոք, Հայաստանում գրանցված չեն, իսկ եթե գրանցված էլ են լինում, ապա պետք է ընդունել միայն բժշկի ցուցմամբ», - ասաց մասնագետը։
Սննդաբանի խոսքով, միայն դեղորայքը չէ, որ բուժման մաս է կազմում, ապրելակերպը ևս կարևոր է, քանի որ ցանկացած դեղի ընդունումը դադարեցնելու դեպքում քաշը արագ կվերականգնվի։ Այս խնդիրը պիտի անպայման լուծվի ճիշտ կենսակերպով։
Հարցին՝ դեղատներում և տարբեր օնլայն հարթակներում անարգել վաճառվում են նիհարեցնող դեղամիջոցներ, դրանց կարելի՞ է վստահել, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Դեղորայքը և այն, ինչն անվանում ենք նիհարեցնող միջոց, տարբեր են։ Սննդային հավելումները, ինչ-որ խոտեր, որոնք գովազդվում են՝ որպես քաշ իջեցնելու միջոց, դեղորայք չեն։ Տարբերությունը նաև այն է, որ դրանք հսկողություն չեն անցնում և պարզ չէ, թե ինչ բաղադրություն ունեն՝ հատկապես եթե ձեռք են բերվում կասկածելի արտադրողներից՝ օնլայն տարբերակով»։
Նման միջոցներն իրենց բաղադրության մեջ կարող են պարունակել վտանգավոր նյութեր, ունենալ լուծողական էֆեկտ, որը կհանգեցնի ջրազրկման և լուծի։
«Դրանցից օգտվողներն էլ ուշադրություն չեն դարձնում այդ ամենին, մտածում են՝ դե լավ է, օրգանիզմս մաքրվում է, և մի քանի օր հետո նկատվում է թուլություն, գլխացավեր են առաջանում», - ասաց մասնագետը։
Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ կարող են լինել նաև էլ ավելի վտանգավոր քիմիական նյութեր՝ օրինակ ախորժակը փակող, իսկ դրանք բոլորը կողմնակի էֆեկտներ ունեն՝ ազդում են սրտի վրա և դեպրեսիաներ են առաջացնում։
«Այդ նյութերը, բնականաբար, չեն կարող ճարպը քայքայել, այդ բոլոր դեղամիջոցները հիմնականում մի քանի ձևով են ազդում՝ կամ միզամուղ ու լուծողական,են, կամ երկուսը միասին, կամ փակում են ախարժակը։ Ամենավատն այն է, որ հետո քաշն ավելի արագ է վերադառնում, ինչից մարդը հիսթափվում է, ստացվում է, որ անիմաստ գումար կորցրեց, իսկ առողջությունը՝ վնասեց», - զգուշացրեց սննդաբանը։
Պետրոսյանը նշեց, որ դեղամիջոցները վտանգավոր են բոլորի համար․
«Դեղամիջոցները բոլորի վրա ունենում են նույն էֆեկտը՝ վտանգավորության առումով, իսկ ռեպրոդուկտիվ շրջանի կանանց մոտ, հատկապես, կարող են նկատվել դաշտանի խանգարումներ, դաշտանի դանդաղում և այլն»։
Մասնագետը հորդորեց լինել ուշադիր և չտրվել մարքեթինգային հնարքներին․
«Ցավոք սրտի և՛ արտադրողներն են ինչ-որ չափով անբարեխիղճ, և՛ գնորդներն են անգիտակից։ Քանի որ հսկողություն չկա, պատասխանատվությունը մնում է միայն սպառողի գիտակցության վրա, բայց մինչ այս դեղերին հասնելը, մարդ պիտի հասկանա, որ այն, ինչը գովազդվում է, արդեն ճիշտ ու առողջ չէ, ուղղակի պետք է փակել այդ գովազդն ու գնալ առաջ, որովհետև ամսական 3-5 կգ-ից ավելի ճարպ չի քայքայվում»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։