24/06/2023 14:28
Ջանք ու եռանդ պետք է չխնայենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը:
Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանդես գալով բացման խոսքով, ասել է. «Ուրախությամբ ողջունում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի մասնակիցներին ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցներին:
Մեր նախորդ հանդիպումից հետո այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կողմից իրականացվել են բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն իր ավարտին կհասնի ընթացիկ տարվա ընթացքում:
Ինչպես և 2022 թվականին՝ հիմնադրամի առջև դրված առաջնահերթություններն ու օրակարգային հարցերը գտնվում են 2020 թվականի պատերազմին հաջորդած իրողությունների տրամաբանության մեջ և միտված են առկա իրադրության պայմաններում մեր հայրենակիցների խնդիրներն ուշադրության տակ առնելուն և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելուն:
Հիմնադրամի գործունեությունը համահունչ է նրա համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել մեր պետության առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելուն ու մեր հայրենակիցների համար ապրելու և արարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը: Այս գերակա նպատակների հաղթահարման համար Համահայկական հիմնադրամի յուրահատուկ կազմակերպական ձևն ու ցանցային կառուցվածքը մեզ հնարավորություն են տալիս գտնել առավել արդյունավետ ու ճկուն լուծումներ:
Միևնույն ժամանակ հիմնադրամը հավատարիմ է թափանցիկ ու հաշվետվողական գործունեության սկզբունքներին, ինչը կարևոր նախապայման է փոխվստահության մթնոլորտի և կառուցողական աշխատանքների իրականացման համար:
Այս տեսանկյունից հարկ եմ համարում նաև ընդգծել, որ հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ուստի ներկաներս ջանք ու եռանդ պետք է չխնայենք՝ հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անձնվեր ու անխոնջ աշխատանքի համար»: