25/06/2023 10:46
ԱՄԷ-ն ՀՀ-ի կարևոր գործընկերներից է. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ՝ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
«Ձերդ վսեմություն,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը:
Հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, և այսօր նույնպես հպարտությամբ ականատես և մասնակից ենք միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման այնպիսի մի փուլի, որում ակներև են առաջադիմական հեռանկարներ:
Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունների միջև 2019 թվականին ստեղծվել և արդյունավետորեն գործում է առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովը, իսկ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել:
Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև՝ միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-էմիրաթական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ հանձնառությունս անձնական ջանքեր գործադրել մեր երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ», - նշված է ուղերձում։