26/06/2023 21:31
Որո՞նք են դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերը և ինչպե՞ս են առաջանում
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերն առաջանում են, օրինակ, միգրենի նոպաների բուժման դեղերի կանոնավոր երկարատև օգտագործման պատճառով:
Գլխացավի այս առանձնահատուկ տեսակն անվանում են նաև դեղամիջոցների ընդունումից առաջացած գլխացավ։
Սովորական ցավազրկողները մեղմացնում են ժամանակ առ ժամանակ անհանգստացնող գլխացավերը: Սակայն, եթե դրանք ընդունեք շաբաթական ավելի քան մի քանի օրվա ընթացքում, նույն դեղերը կարող են նպաստել դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի առաջացմանը:
Եթե ունեք որևէ գլխացավային հիվանդություն, ցավազրկման նպատակով ընդունած ցանկացած դեղամիջոց կարող է առաջացնել նմանատիպ գլխացավեր: Սակայն այլ հիվանդության, օրինակ՝ հոդաբորբի դեպքում կանոնավոր կերպով ցավազրկողների օգտագործումը չի հանգեցնի դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի։
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերը սովորաբար անհետանում են, երբ դադարեցնում եք ցավազրկողների օգտագործումը: Բժիշկը կարող է օգնել, որ ցավազրկողներից հրաժարվելու ժամանակաշրջանն անցնի առավել հարթ և առանց գլխացավերի սաստկացման:
Դեղամիջոցների գերօգտագործման՝ դրանց երկարատև ընդունումից առաջացած գլխացավերի գանգատներն ու ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված սկզբնական գլխացավից և ընդունած դեղամիջոցից:
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերը հաճախ՝
առաջանում են ամեն օր կամ գրեթե ամեն օր
մեղմանում են ցավազրկող դեղամիջոցներով, սակայն կրկին սաստկանում են, երբ դրանց ազդեցությունն անցնում է:
Այլ ախտանիշներից են՝
սրտխառնոց,
անհանգստություն,
ուշադրության կենտրոնացման դժվարացում,
հիշողության խնդիրներ,
դյուրագրգռություն:
Պատահական առաջացող գլխացավերը խիստ տարածված են: Սակայն կարևոր է, որ գլխացավի յուրաքանչյուր դրվագին հիվանդը վերաբերվի լրջորեն, քանի որ դրանց որոշ տեսակներ կարող են լինել ծանր հիվանդության ախտանիշ:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե գլխացավը՝
հանկարծակի և ուժգին է,
ուղեկցվում է ջերմությամբ, լարված պարանոցով, ցանով, շփոթվածությամբ, երկտեսությամբ, թուլությամբ, վերջույթների թմրածությամբ կամ խոսքի դժվարացմամբ,
առաջացել է գլխի վնասվածքից հետո,
չնայած հանգիստ պայմաններին և ցավազրկողների ընդունմանը, վատթարանում է,
նոր տեսակի և կայուն է, հատկապես, եթե 50-ն անց եք,
ի հայտ է եկել շնչարգելության և հևոցի հետ,
ի հայտ է եկել կանգնելուց հետո, սակայն չի անհետանում, երբ պառկում եք,
շաբաթական երկու կամ ավելի անգամ ունեք գլխացավեր,
շաբաթական ավելի քան երկու անգամ գլխացավի պատճառով խմում եք ցավազրկող դեղեր,
ստիպված եք թույլատրելիից ավելի մեծ դեղաչափով ցավազրկողներ ընդունել, որ մեղմացնեք գլխացավերը,
ձեր գլխացավը փոխել է բնույթը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։