26/06/2023 11:36
Երևանի որոշ վարչական շրջանի ղեկավարներ տարածքներ չեն տրամադրել «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար
«Հայաքվե» նախաձեռնության անդամները հրատապ մամուլի ասուլիս են հրավիրել։
Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը նշեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
«Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից, հանցագործություն է։
«Հայաքվե»-ի գործընթացը նախաձեռնվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով երաշխավորված այս հիմնարար իրավունքը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 109 և 204 հոդվածները, որոնցով, համապատասխանաբար, սահմանվում են քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախաձեռնության և հանրաքվեի իրավունքը։ Հենց այս հիմքով, ինչպես նաև հենվելով հանրաքվեի մասին սահմանադրական մասով 13-րդ հոդվածի վրա, հունիսի 20-ին ՀՀ ԿԸՀ-ն գրանցել է «Հայաքվե»-ի նախաձեռնությունը՝ տալով նրան իրավականորեն պարտադիր բնույթ։
Սակայն, գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը։ Մասնավորապես, Երևանի վարչական շրջանների մի շարք թաղապետարաններ՝ հղում կատարելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար ոմն Լևոն Հովհաննիսյանի վրա, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար, թեև դա հանրաքվեի մասին օրենքի իմպերատիվ պահանջ է և իրենց սահմանադրական պարտականությունն է։
Փաստորեն, մի կողմից բռնապետ Ալիևը բռնանում է արցախցիների հիմնարար իրավունքներին, մյուս կողմից՝ նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանը՝ իր դրածոների միջոցով Երևանի բնակիչների օրինական, հիմնարար իրավունքներին։ Ուստի, մենք գործ ունենք հայ ժողովրդի նկատմամբ թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամական գործողությունների հետ։ Սա առաջին նման դրսևորումը չէ, բայց այս անգամ մենք համոզված ենք, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել դրա դեմ՝ իր սեփական քվեով», - նշեց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ գործող վարչակազմն այդ ամենը հասկանալով, փորձում է հայերին թույլ չտալ սեփական որոշումը օրենքով ամրագրել.«Բոլոր այս պաշտոնատար անձանց դեմ, որոնք փորձում են բռնանալ մեր ժողովրդի անքակտելի իրավունքներին, մեր նախաձեռնության անդամների կողմից արդեն իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին։ Ակնհայտ է, որ սա իրականացվում է կազմակերպված խմբի միջոցով, որն ապօրինի կերպով զավթել է իշխանությունը Երևանի քաղաքապետարանում և որևէ կերպ այսօր չի ներկայացնում Երևանի բնակչությանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հայտարարել էր, թե ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով քայլ է կատարում ՀՀ սահմանադրական կարգի դեմ։
Նախաձեռնության հեղինակները հայտարարել էին, որ սկսում են գործընթաց՝ Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով. քաղաքացիների աջակցությունն է պետք։