26/06/2023 14:33
Կան ՔՊ-ականներ, որոնց հետ, եթե, Աստված չանի, մի բան լինի, և՛ հուղարկավորությանը, և՛ հոգեհանգստին կգնամ. Թագուհի Թովմասյան
Դուք՝ բոլորդ տեսաք, հասկացաք, թե ինչ պայմաններում են ընթանում ԱԺ նիստերը, սա ուղղակի խայտառակություն է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ամեն անգամ ինչ-որ առիթ փնտրել և նիստերը դարձնել փողոցային, խուլիգանական գործընթացի։ Ես այլևս շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, քանի որ ամեն անգամ մտնում ես և չգիտես, թե այս դահլիճում քեզ ինչ է սպասվում։ Ես ամաչում եմ, որ ուղիղ եթերում մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում՝ ԱԺ պատգամավորների կողմից։ Դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարված։ Իշխանական պատգամավորները անթաքույց վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։ Ի նշան բողոքի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցի։ Ուզում եմ նկատել, որ այս լարվածությունը ԱԺ նախագահից սկսվեց։ Ինքը սկսեց վիրավորել Սեյրան Օհանյանին, հետո, ի նշան բողոքի, դուրս եկավ դահլիճից, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին իրենց փողոցային լեքսիկոնը գործի դնել»,-նշեց նա։
Ի պատասխան դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները վրդովված են, որ ընդդիմությունը չի մասնակցել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին՝ Թովմասյանը վրդովվեց. «Եթե Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն եմ, պետք ա բոլորի թաղումներին մասնակցե՞մ։ 15 րոպե նիստերի դահլիճ ուշացած եմ եկել։ Ես գնում եմ մարդկանց հոգեհանգստի արարողություններին կամ թաղումներին, որոնց ճանաչում եմ կամ մտերիմ եմ։ Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ։ Դա իմ անձնական որոշումն է՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։ Ասեմ ավելին՝ կան ՔՊ-ականներ, որոնց հետ, եթե, Աստված չանի, մի բան լինի, կգնամ, իհարկե, երկու առիթին էլ՝ և՛ հուղարկավորությանը, և հոգեհանգստին»։