26/06/2023 11:40
Որ համայնքապետարաններն են հրաժարվել տարածքներ տրամադրել «Հայաքվե»-ին
«Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց, թե որ թաղապետարններն են հրաժարվել տարածք տրամադրել իրենց՝ ստորագրահավաքի համար և ինչ իրավական գործընթաց է սկսվել։
«Հունիսի 20-ին ՀՀ ԿԸՀ-ն գրանցել է մեր նախաձեռնությունը և նրա լիազոր անձին, որից անմիջապես հետո, նույն օրը, Երևանի բոլոր վարչական շրջաններին իմ ստորագրությամբ դիմում է ներկայացվել, որպեզի տարածք տրամադրեն։ Դա «Հանրաքվեի» մասին օրենքով է կարգավորվում։ Սակայն, մեզ համար զարմանալիորեն, որոշ վարչական շրջաններից մերժման պատասխաններ ստացանք, մեծ մասը դեռ չի էլ պատասխանել։ Որոշ վարչական շրջանների ղեկավարներ պատասխանել են, որ իրենք ազատ տարածքներ չունեն, իսկ որոշներն էլ պատասխանել են, որ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ստացել են գրավոր ցուցում, այն է, որ 2022 թվականի ավագանու ինչ-որ որոշման հիման վրա, իրենք չեն կարող տարածք տրամադրել։ Մեր նախաձեռնությանը մերժել են Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջանները», - նշեց նա։
Պետրոսյանը նաև հավելեց, որ նմանատիպ նամակներ են ստացել մի շարք համայնքներից ևս.«Սպիտակ և Դիլիջան համայնքներից ենք ստացել։ Մի մասը պատասխանել է, որ տարածքներ չունեն։ Ունենք դրական պատասխաններ Մասիս, Արարատ, Իջևան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի չարենցավան համայնքներից։
Այսօր առավոտյան դատախազին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին»։