26/06/2023 13:02
«Ո՞վ ես դու, ի՞նչ ես անում ստեղ», «սրիկան դուք եք», «պարո՛ն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք». ԱԺ-ում լարվեց իրավիճակը, ստիպված ընդմիջում հայտարարվեց (Տեսանյութ)
Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակն այսօր լարվեց։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենց մեղադրում են, որ չեն գնացել ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։
«Հոգեքննությամբ անընդհատ զբաղվելով՝ դուք ձեզ եք վարկաբեկում, պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն դուք հաստատ հանգստություն չեք բերում»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին մասնակցելը թողնում է ընդդիմադիրների խղճի վրա։
«Իմ գրառումն ամեն օր կարդացեք ու ամաչեք»,- ասաց Սիմոնյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «դու»-ով դիմեց Սիմոնյանին, ինչը հունից հանեց վերջինիս։
««Դու»-ն դու ես, չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել, ո՞վ ես դու, ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով Սեյրան Օհանյանին՝ ասաց Սիմոնյանն ու հեռացավ նիստերի դահլիճից։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց դադարեցնել լեզվակռիվը։
Իրավիճակն ավելի լարվեց, երբ ելույթ էր ունենում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա Սեյրան Օհանյանին հորդորեց կոռեկտ պահել իրեն։
«Պարո՛ն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք»,- ասաց Կոնջորյանը։ Կոնջորյանը նշեց, թե մեծ մասը չի լսել, որ Ալեն Սիմոնյանին Սեյրան Օհանյանն ասել է սրիկա։
«Սրիկան դո՛ւք եք»,- Սեյրան Օհանյանին ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը։
Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդիմիջում հայտարարել։