26/06/2023 18:15
Իշխանությունն է անում ամեն հնարավորը, որ Հայաստանը դաշնակից չունենա, մինչդեռ քիչ չեն երկրները, որոնց հետ կարելի է ռազմավարական հարաբերություններ զարգացնել. Հրանտ Միքայելյան
Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպմանն ընդառաջ և՛Վաշինգտոնը, և՛ Երևանը լուրջ սպասելիքներ ունեն, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ի հերթական կոշտ հայտարարություններն ապացուցում են՝ Ադրբեջանը բանակցել չի ուզում։ Այսպիսով՝ կամ հայկական կողմը Վաշինգտոնի միջնորդությամբ գնում է վերջնական կապիտուլյացիայի, կամ այս անգամ էլ պայմանավորվածություն տեղի չի ունենա. Ադրբեջանն ունի առավելապաշտական ձգտումներ՝ նպատակը Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է, Aysor.am-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Միքայելյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում շաբաթներ առաջ հետաձգված հանդիպումը պայմանավորված էր Թուրքիայում նախագահական ընտրություններով. Բաքուն սպասում էր նոր կառավարության դիրքորոշմանը, որը հասկանալի է՝ ամբողջությամբ չէր փոխվելու, բայց գուցե լինեին դետալային փոփոխություններ։ Այսպիսով՝ կողմերը բանակցելու են՝ հաշվի առնելով հատկապես Թուրքիայի դիրքորոշումը։ Արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ներազդել այս գործընթացին. Ռուսաստանի կողմից դեռ որոշակի ազդեցություն կա, բայց այն գնալով նվազում է։ Դե, իսկ ԱՄՆ-ի օրակարգը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն է, ռուսական առաքելությունը սեփական առաքելությամբ փոխարինելն է, բայց Ադրբեջանն այլևս մտադիր չէ համաձայնել ո՛չ ռուսական, ո՛չ արևմտյան առաքելության։
«ՀՀ իշխանությունը Ադրբեջանի բազմաթիվ պահանջներին բանավոր համաձայնություն տվել է՝ այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, ինչի դիմաց իբրև թե ակնկալում է Արցախի ժողովրդի համար անվտանգության երաշխիքներ՝ միջազգային ներկայության՝ Եվրամիության կամ ԵՄ որևէ երկրի հովանավորության ներքո։ ՀՀ իշխանությունների այս ակնկալիքներին Ադրբեջանը բավական կոշտ է արձագանքում՝ հայտարարելով, թե ղարաբաղյան հակամարտություն գոյություն չունի։
Ակնհայտ է, որ Բաքուն չի ուզում պայմանավորվածության հասնել կամ ուզում է համաձայնագիր՝ միայն իր պայմաններով, որը ներառում է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելը։ Այս պայմանի շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են, ՀՀ իշխանությունների վարքն այս հարցում կանխատեսելի չէ. այս իշխանությունը որոշակի կախվածություն ունի Թուրքիայից, հետևաբար՝ թե ինչին կհամաձայնեն, ինչին՝ ոչ, կախված է Թուրքիայից ունեցած կածվախության աստիճանից»,- ասել է քաղաքագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը, սահմանային լարումներին, Միքայելյանն նշել է՝ դրանք ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանն իրականում ձգտում է հարցը լուծել ուժի կիրառմամբ։ Մենք գործ ունենք ոչ թե հրադադարի, այլ այս պահին դանդաղ պատերազմի հետ։ Ադրբեջանի ճնշումը մեծանալու է, մինչդեռ ՀՀ ոչինչ չի անում սեփական անվտանգային ռեսուրսները զարգացնելու համար. ներկայիս իշխանության շահերից չի բխում բանակի արդիականացումը, հզորացումը։ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում զարգացնում է ենթակառուցվածքները, ամբողջ ծավալով պատրաստվում է պատերազմի, հետևաբար, եթե անգամ որոշ պայմանավորվածություններ լինեն, դրանք որևէ արժեք չունեն Ադրբեջանի համար։
Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ ժամանակ կա իրավիճակը փոխելու համար, բայց գիտակցել է պետք, որ այդ ժամանակն անսպառ չէ, եթե այն գերարդյունավետ չօգտագործվի, ռիսկերը մեծանալու են։
Քաղաքագետն ընդգծել է՝ սին են սպասումները, թե զիջումներով կարելի է խաղաղության հասնել. ապացուցված է՝ ագրեսորին զիջելը բերում է նոր պատերազմի։
Անդրադառնալով՝ «Հայաստանը մենակ է, դաշնակիցներ չունի» խոսույթին, Միքայելյանը շեշտել է՝ ՀՀ իշխանությունն է անում ամեն հնարավորը, որ Հայաստանը դաշնակից չունենա, մինչդեռ ռազմավարական բնույթի պայմանավորվածությունների կարելի է հասնել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, բազմաթիվ այլ երկրների հետ, որոնք ունեն մոտիվացիա՝ Թուրքիային զսպելու։
«Հայաստանը կարող է գործոն լինել, դերակատարություն ունենալ, բայց քանի որ Հայաստանն ինքը հրաժարվում է այդ դերից, այլ երկրներից համապատասխան քայլեր ակնկալելն անիմաստ է. եթե Ուկրաինան պայքարելու կամք և ցանկություն չունենար, որևէ այլ երկիր չէր աջակցելու»,- նշել է քաղաքագետը։