26/06/2023 12:42
Փաստաբանները բռնության են ենթարկվում ոստիկանական բաժանմունքում․ նրանք երթով գնալու են Կենտրոնի բաժանմունք՝ նվեր հանձնելու
4 ամսվա ընթացքում մեր գործընկեր փաստաբանները ենթարկվել են բռնությունների, և փաստաբանական համայնքը ակնկալելով պետական իրավասու մարմինների, միջազգային գործընկերների համապատասխան գնահատականը, ցավոք, առ այսօր չտեսավ այն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Փաստաբանները բռնության ենթարկվում են ոստիկանական բաժանմունքում, և վերջին դեպքի վերաբերյալ առ այսօր չենք տեսնում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դեպք, ավելին, միջադեպում ներգրավված համապատասխան անձիք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Մեր համայնքը, ցավոք, չի տեսնում այն գործիքակազմը, որը պետք է կիրառվեր նմանատիպ իրավիճակներում», - ասաց Սիմոն Բաբայանը։
Նա նշեց, որ փաստաբանների ակումբը երկու նիստ է անցկացրել, որտեղ մի շարք պահանջներ են բարձրացվել, դրանք, սակայն, չեն կատարվել։
«Ստիպված ենք մեր բողոքի ակցիան իրականացնել գործադուլի միջոցով, հասարակության ուշադրությունը հրավիրելով փաստաբանի ինստիտուտի առաքելության և նշանակության վրա»,- ասաց Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ երթով գնալու են դեպի Կոնտրոնի ոստիկանական բաժանմունք, նվեր են հանձնելու։
«Փաստաբանը երբեք չի ընկճվելու, փաստաբանն իրականացնելու է իր խախտված իրավունքների պաշտպանությունը և այդ պաշտպանությունը լինելու է արդյունավետ», - հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահը։