26/06/2023 11:56
«Երկիրը ձեռից գնում է, էս հարցն են խաղացնում». ընդդիմությունը համաձայն չէ պնդումների հետ, թե դիտմամբ են ուշացել ԱԺ նիստից, որ չհարգեն Վիգեն Խաչատրյանի հիշատակը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը. ընդդիմությունը ներկա չէր։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ չեն մասնակցում ԱԺ այսօրվա արտահերթին։
«Իսկ ո՞վ է ասում, որ չենք մասնակցում, ես հիմա քայլում եմ նիստերի դահլիճ»,- Aysor.am-ին ասաց նա։
Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ ընդդիմությունը դիտմամբ է ուշացել նիստից, որպեսզի 1 րոպե լռությամբ չհարգեն ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը՝ Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ դա մի քիչ փոքր հարց է, որ ես մեկնաբանեմ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ Aysor.am-ին ասաց, թե չեն բոյկոտել նիստը, ուղղակի կազմակերպչական հարցեր կային։
Նա համաձայն չէ դիտարկման հետ, թե դիտմամբ են ուշացել, որ չհարգեն Վիգեն Խաչատրյանի հիշատակը․ «Վա՛յ, Աստվա՛ծ իմ, լավ էլի, երկիրը ձեռից գնում է, էս հարցն են խաղացնում»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ «չբարեհաճեց ներկա գտնվել ո՛չ հոգեհանգստին, ո՛չ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում»։
«Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում: Աստված ձեզ դատավոր»,- Facebook-ում գրել էր Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին սրտամկանի ինֆարկտից 72 տարեկանում մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: