26/06/2023 12:04
Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է, վնասում է ադրբեջանական կողմին։
«Նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ է դարձել, չեն լուծում, դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ՝ ինչ-որ փուլում իրենք դրան կգան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը կարծում է, թե սա բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու համար է արվում։
Նա պնդեց՝ հայկական կողմի համար ԼՂ հայության իրավունքների հարցը կարևորագույն հարց է ու այն չի կարող մոռացության մատնվել։
«Դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ, մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»,- նշեց նա։
Սիմոնյանն ընդգծեց՝ եթե այս հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է։