26/06/2023 12:17
Վաշինգտոնյան հանդիպումը առաջընթաց կարող է բերել, սակայն, պետք է մշտապես պատրաստ լինել հարձակումների. ԱԺ նախագահ (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ վաղը կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել։
«Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, այդ փոփոխություններում մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ Ադրբեջանը։ Ես լիահույս եմ, որ այս պահի դրությամբ առաջընթաց կա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական սադրանքներին՝ ԱԺ նախագահն ասաց, թե պետք է մշտապես պատրաստ լինել, ամեն րոպե կարող է հարձակում լինել։
«Մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում ու բանակին ուղղված գործողություններն ու բարեփոխումներն հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: