27/06/2023 17:01
Ես շոկի մեջ եմ. այդ օրին էլ հասանք, որ Նիկոլը պիտի խորհուրդ տա, որ ես Տեր-Պետրոսյան կարդամ. Զուրաբյանը՝ Փաշինյանի խորհրդի մասին
Այդ օրին էլ հասանք, որ Նիկոլը պիտի խորհուրդ տա, որ ես Տեր-Պետրոսյան կարդամ, Aysor.am-ի հետ զրուցյում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Պատմական իրադարձություն է, չե՞ք կարծում։ Ես շոկի մեջ եմ։ Սա մարսելու բան է, դրա համար երկար ժամանակ է պետք»,-նշեց նա։
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե երբ վարչապետ դառնալուց հետո հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ասել է իրեն՝ հողերը տուր, որից հետո դա ՀԱԿ-ը հերքել է՝ Զուրաբյանը նշեց, որ ժամանակ չի ունեցել Փաշինյանին լսելու, պետք է ծանոթանա հայտարարությանը, նոր կկարողանան այդ մասով մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե «1997 թվականի փուլային տարբերակում տարածքային ամբողջականության մասին ընդհանրապես խոսք չկա, իսկ ԼՂ-ն ստանում էր հետաքրքիր միջանկյալ ստատուս, համարվում էր Ադրբեջանի հետ իրավահավասար կողմ և՛ խաղաղության փաստաթղթի ստորագրման իմաստով, և՛ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման առումով, և ասել, որ 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձևերով փակվել էր այս լուծումը՝ ուղղակի սուտ է»։
Փաշինյանը Լևոն Զուրաբյանին խորհուրդ տվեց կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի նոյեմբերի 1-ի «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը։