27/06/2023 14:33
2021-ի ԳՇ հայտարարությունում արտաքին հետք եմ տեսնում. դժվարանում եմ ասել՝ ո՞ր գործողություն է, որ պետք է իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարության մեջ արտաքին հետք է տեսնում։
«Արդյո՞ք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնո՞ւմ եմ, թե՞ չէ՝ ես կարող եմ ասել՝ այո՛, որպես վարկած՝ տեսնում եմ»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե կարծում է, որ շատ զինվորականներ հրամանի կամ պահի ազդեցության տակ են միացել այդ հայտարարությանը։
«Եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, որքան էլ դա զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, գոյություն ունի զինվորական սուբորդինացիա, այս իրավիճակն էլ պետք է հաշվի առնել»,- նշեց նա։
Վարչապետը նշեց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք խաթարել են իր վստահությունը, չի բացառում, որ երկուստեք է եղել։
«Ես գիտեմ՝ ինչն է պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է, որ պետք է իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից։ Չեմ տեսնում իմ կողմից նման գործողություն»,- ասաց Փաշինյանը։