27/06/2023 15:41
Թող ինձ ներեն իմ ֆիդայի ընկերները, բայց այս իշխանությունները կանոնավոր բանակը վերածեցին ֆիդայական ջոկատների. Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել բանակը համալրելու համար, մոբիլիզացիան չի իրականացրել, 44 օրվա ընթացքում իրենք կարողացել են իրականացնել միայն մեկ օրվա մոբիլիզացիա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ՀՀ բանակի համար գնումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Տարիներով ձևավորված մոբիլիզացիոն համակարգն իրենք փոխել են բանակի համալրման կամավորական ջոկատներով։ Իսկ կամավորական ջոկատները չունեն այդ պատրաստությունը», - ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունները կանոնավոր բանակը վերածել են կամավորական ջոկատների։
«Թող ինձ ներեն իմ ֆիդայի, կամավորական ընկերները, բայց այս իշխանությունները կանոնավոր բանակը դարձրեցին ֆիդայական ջոկատներ։ Եվ դրանով իսկ և՛ կառավարումը, և՛ կանոնավոր որոշումների ընդունումը, փորձի փոխանակումը հավասարեցրին զրոյի», - ասաց Սեյրան Օհանյանը։