27/06/2023 10:32
Ռուսաստանը շատ ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի՝ Արցախում շրջափակումը վերացնելու համար. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)
ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը նպատակ ունեն միջազգային հանրությանը մղելու իրական գործողություններ իրականացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունը, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է և ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք, միակ անվտանգային երաշխավորն է, և առաջիկա տարիներին էլ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար։ Բայց Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաև ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ռուսաստանը շատ ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորն ասաց, որ իրենց խոսքը փոխանցելու են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, ենթադրելի է, տեղ կհասնի նաև Մոսկվա։
«Սա ուղերձների հարց չէ․ ժողովրդի, հասարակության պահանջն է։ Այսօր Արցախը, ինչպես Խորհրդային Միության ժամանակ Լենինգրադը, բլոկադայի մեջ է, և այդ բլոկադան ամեն կերպ պետք է ճեղքվի»։