27/06/2023 11:10
Պետք է քննարկվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարացման հարցը. Իշխան Սաղաթելյան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանությունների և ԵՄ ներկայացուցչության դիմաց նստացույց ենք հայտարարել, նպատակը վերջ դնելն է երկակի ստանդարտներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման առջև։ Միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է լոկ հայտարարություններով, երբեմն՝ ընդունած բանաձևերով, բայց դրա արդյունքում Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ և կանգնած է ցեղասպանության վտանգի առջև», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում։
«Կարծում ենք, որ պետք է քննարկվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարացման հարցը։ Բայց, սրանով հանդերձ, մենք ունենք շատ հստակ պահանջ, որովհետև այդ խաղաղապահ ուժերի առաքելությունն է ապահովել Լաչինի միջանցքով անխափան ընթացքը», - նշեց Իշխան Սաղաթելյանը։