27/06/2023 18:58
2018-2020 ժամանակահատվածը աղետի նախապատրաստման կոպտագույն սխալների փուլն էր․ Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․
«Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչու՞ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։
Այս հարցերն ունեն առավելագույն հստակության պատասխանների կարիք։
Հարց 1. Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին
Որովհետև Նիկոլի խոսքը, հերքող պատասխանները և մեր հեռանկարը տարբեր իրականություններում են։ Մինչև 2018 թ. երեք նախագահների օրոք եղել է «Արցախը Հայաստան է, և վերջ» իրականությունը, որի մասին ուղղակի չէին գոռում, Շուշիում քեֆեր ու պարեր չէին բռնում։ Եղել են «դժվար բանակցություններ են և վերջ», «Ադրբեջանի հետ բալանսը պահում ենք և վերջ», «Լուրջ ռիսկեր կան և վերջ» շեշտադրումներ, որոնք ամբողջականացնում էին իրականությունը։
2018-2020 ժամանակահատվածը աղետի նախապատրաստման կոպտագույն սխալների փուլն էր։
2020-ից առ այսօր «Ամեն ինչ տապալված է, և վերջ» իրականությունն է՝ հավելյալ շեշտադրումներով. «Կարող ենք պետականություն կորցնել, և վերջ» «Արցախը մոռացեք, և վերջ»։
Վերջապես, կա երրորդ իրականությունը, և դա այն է, ինչի շուրջ այսօր պետք է ձևավորվի ազգային-առաջադիմական միտքը. «Տեր ենք կանգնում մեր երկրին, և վերջ», «Հայկական Արցախ հնարավոր է, և վերջ», «Հարևանների հետ գնում ենք բարդ բանակցությունների, և վերջ»։
Նախկին նախագահների համակարգերից պատասխանները Նիկոլին տարբեր իրականությունների մասին են՝ իրար հետ բացարձակ չհատվող, եթե նույնիսկ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան է հնչում։
Նիկոլի ինֆորմացիայի և ոգենչման աղբյուրը իր իսկ թերթի 20-ամյա վաղեմության հոդվածների ռետրոսպեկտիվ ընթերցանությունն է։ Եվ եթե Քոչարյանը՝ Ջ. Բուշի ձեռը բռնած, Քի Վեսթի ամբողջական պայմանագիրը դնի նրա առաջ, միևնույն է, նա կարդալու է իր իսկ հոդվածը՝ «... որ Մեղրին տալիս էին»։
Ու՞մ մասին են նրա ասածները
Ոչ միայն քաղաքականապես, այլև՝ զուտ մարդկայնորե´ն է սխալ Նիկոլի «անտոռմուզ» ասածներին պատասխանելը։ Իրականում շատ դժվար է ասել, թե ում են ուղղված, նույնիսկ եթե նա կոնկրետ անուններ է տալիս։ Նիկոլի ասածները, ըստ էության, վերաբերում են ՔՊ-ից դուրս բոլորին։ Նա մոտավորապես ասում է. «Այն, ինչը դուք գիտեք, տեսել եք անձամբ, լսել եք, մասնակիցն եք եղել, ձեր կյանքն է եղել, սխալ է, սուտ է, չի եղել։ Ես հիմա նոր պատմություն եմ հորինում, ձեզ նոր պատմություն եմ պարտադրում։ Կներեք, բայց ես այլ ելք չունեմ»։
Իսկ ինչո՞ւ է նա կարողանում այդքան անկաշկանդ դա անել, ինչ ուզել՝ ասել, թքած ունենալով, որ ծայրահեղ վնասում է պետությանը, կխոսենք հաջորդիվ»։