27/06/2023 14:39
Կեցցե՛ Նիկոլ Փաշինյանը. ես հիվանդ մարդկանց չեմ մեկնաբանում. Մովսես Հակոբյան
Ես զինվորական մարդ եմ և ինձ համար «էվակուացնել», նմանատիպ բառերն անհասկանալի են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը որոշում է կայացրել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել։
«Ես իրեն չեմ լսել, այդքան պարապ չեմ, որ իրեն լսեմ»,-հավելեց նա։
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե Մովսես Հակոբյանն իրավունք չուներ պատերազմի օրերին լինել հրամանատարական բունկերում՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Կեցցե՛ Նիկոլ Փաշինյանը։ Ես հիվանդ մարդկանց չեմ մեկնաբանում։ Ով իրեն լսում է, թող իր կարծիքը ձևավորի։ Ինձ համար այդ կատեգորիայի մարդկանց կարծիքը զրո արժեք ունի»։
Նշենք, որ այսօր Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Հոկտեմբերի 3-ին եկավ տեղեկատվություն, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն՝ զորքերն ամբողջությամբ դուրս բերել: Ես միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ եւ ասացի՝ որքանո՞վ է ճիշտ, որ նման որոշում կա: Ինձ ասացին, որ, իսկապես, նման որոշում կա:
ԼՂ նախագահի հետ խոսեցի, հետո նաեւ ՊԲ հրամանատարի հետ: Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է: Ասացի՝ ո՞վ է արել այդ վերլուծությունը եւ ո՞վ է կայացրել որոշումը, եւ ինձ ասվեց, որ Մովսես Գրանտիչն (Մովսես Հակոբյան) է այդ ռեկոմենդացիան տվել: Ես ասացի՝ մի րոպե, նախ, Մոսվես Հակոբյանն ի՞նչ գործ ունի այդտեղ, դա իր աշխատավայրը չէ»: