27/06/2023 21:44
Ռոսգվարդիայի ղեկավարը չի բացառում՝ Պրիգոժինի ապստամբության մեջ Արևմուտքի մատը խառն է
Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը չի բացառել, որ Ռուսաստանում ռազմական ապստամբության նախապատրաստմանը ներգրավված են եղել արևմտյան հետախուզական ծառայությունները: Ըստ նրա՝ ապստամբությունը հրահրվել է Արևմուտքի կողմից՝ օգտագործելով «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նկրտումները։ Զոլոտովը նշել է, որ ապստամբության նախապատրաստման մասին տեղեկատվություն է ստացվել նաև Պրիգոժինի ճամբարից։
«Նրանք գիտեին դրա մասին՝ ապստամբությունից շաբաթներ առաջ , և հատկանշական է, որ Պրիգոժինի ճամբարից էլ այդպիսի տեղեկատվական արտահոսք կար, բայց դրանք նեղ ուղղվածության էին՝ որ ապստամբություն է նախապատրաստվում, որ այն տեղի կունենա ամսի 22-ից 25-ը, ինչն էլ եղավ։ Դա խոսում է այն մասին, որ ամեն ինչ հրահրված է եղել: Արևմուտքն, ըստ ամենայնի, դրդել է Պրիգոժինին այդպիսի քայլի, երևի նաև նրա հավակնություններն են չափից շատ գլուխ բարձրացրել, ցանկանում էր ավելի վեր բարձրանալ»,- ասել է Զոլոտովը՝ լրագրողներին։
«Ես չեմ բացառում, որ այդ գործում արևմտյան հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել ներգրավված»,- հավելել է նա։