27/06/2023 11:05
Մեր հույսն ամբողջապես նմանօրինակ ակցիաները չեն, բայց փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել. ՀՅԴ-ականը՝ «SOS Artsakh» ակցիայի մասին
Վաղ առավոտից մեկնարկել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Միանշանակ, մեր հույսը ամբողջապես նմանօրինակ ակցիաները չեն, մեր և՛ կուսակցական բարձրագույն մարմինները, և՛ քաղաքական ներկայացուցիչները, խորհրդարանական խմբակցությունն ամենօրյա ակտիվ աշխատանքի մեջ են միջազգային գործընկերների հետ և փորձում են ստեղծված կացությունը ներկայացնել նրանց՝ մեր տեսակետից», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
ՀՅԴ-ականի խոսքով՝ հստակ հակասություններ ունենալով ներկա իշխանության վարած քաղաքականության հետ, իրենք ամենևին վստահություն չունեն, որ այս իշխանությունն անում է ամեն հնարավորը՝ Արցախում ստեղծված կացությունը բարելավելու և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։
«Եվ, հակառակ դրա, մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել։ Մեր նստացույցի հիմնական նպատակը վերջին օրերին փոփոխված և ավելի ծայրահեղ դարձած իրավիճակի արձանագրումն է», - ասաց Նազարյանը։