27/06/2023 22:59
Ցխինվալում խոսել են սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա անցկացնելու մասին
Հարավային Օսիայից կարծիք է հնչել, որ եկել է ժամանակը ժնևյան քննարկումների օրակարգ մտցնել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցը։ Այդպիսի հայտարարություն է հնչեցրել Ժնևյան քննարկումներում հարավօսական պատվիրակության ղեկավար, Հարավային Օսիայի նախագահի խորհրդական Կոնստանտին Կոչիևը՝ Ցխինվալում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով միջազգային քննարկումների համանախագահները՝ ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից և ԵՄ-ից, որոնք հավաքվել են՝ համաձայնեցնելու հուլիսի 11-12-ը նախատեսված Ժնևյան քննարկումների հերթական փուլի օրակարգը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարծում ենք, որ Ժնևում կայանալիք հաջորդ հանդիպման առանցքում պետք է լինի ուժի չկիրառման փաստաթղթի և սահմանի հետ կապված հարցերի շուրջ աշխատանքին վերադառնալու հարցը։ Հավանաբար, ժամանակն է օրակարգ մտցնել սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցը, ինչը շատ մեծ ներդրում կլինի կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ Հենց սահմանին են ամեն անգամ առաջանում խնդրահարույց իրավիճակներ, որոնք էսկալացիայի վտանգ են պարունակում»,- ասել է Կոչիևը։
Նշենք, որ Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևում անցկացվում են 2008 թվականից՝ Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահների միջնորդությամբ։ Ժնևյան քննարկումները Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև երկխոսության միակ հարթակն են հանդիսանում։