27/06/2023 15:55
500-ից ավելի անօդաչու և 40-50 հազար սաղավարտ ու զրահաբաճկոն էինք նախատեսել գնել, իշխանությունները գնեցի՞ն՝ ո՛չ. Սեյրան Օհանյան
Այսօր իշխանական թևը մանիպուլացնում է տարբեր հարցեր, ասում են, թե Նիկոլի ժամանակ ավելի շատ սպառազինություն է գնվել, քան նախկինում էր՝ գումարային արտահայտությամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով բանակի սպառազինության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Իմ ղեկավարման ժամանակ ՌԴ-ից 1500 ինքնաթիռաչվերթ անվճար սպառազինություն ենք բերել Հայաստան։ Օրինակ՝ Իսկանդեր, Точка У, «Սմերչ» համակարգեր։ Իմ ղեկավարման ժամանակ 3 հատ C 300 ենք ձեռք բերել, ինձնից առաջ էլ՝ ևս 3-ը։ Ինքնաթիռներով 168 հատ T72 տեսակի տանկ ենք բերել, 200-ից ավելի ՀՕՊ համակարգեր», - ասաց Օհանյանը։
Պատգամավորի խոսքով՝ երկրի ղեկավարության խնդիրը ոչ միայն ասելն է, թե ինչ պետք է, ասեք՝ կունենաք, այլ ամբողջությամբ ընկղմվելը, տիրապետելը ռազմաքաղաքական իրավիճակին, բանակի իրավիճակին և դրանից ելնելով՝ նաև որոշումներ ընդունելը։
«Մեր իշխանությունների խնդիրն այն է, որ իրենք չեն տիրապետում ռազմական խնդիրներին։ ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից սկսած՝ չենք ունեցել որևէ նախագահ, որը խորությամբ չի ընկղմվել ռազմական հարցերի մեջ և որոշիչ դերակատարություն չի ունեցել ռազմական հարցերում»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը չի խորացել ռազմական հարցերի մեջ, որպեսզի գործուն աջակցություն ցուցաբերի բանակին։
«Իրենց ձեռքբերած սպառազինությունը 44-օրյային զրոյական նշանակություն են ունեցել։ Իրենք փոխել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը։ Օրինակ՝ մենք նախատեսել էինք շուրջ 40-50 հազար սաղավարտ ու զրահաբաճկոն գնել, նախատեսված է եղել 500-ից ավելի անօդաչուների գնում, իրենք իրականացրե՞լ են՝ չեն իրականացրել», - ասաց Օհանյանը՝ նշելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ կարգապահության խնդիր է եղել։