27/06/2023 12:37
Օնիկ Գասպարյանը զեկուցել է՝ սեպտեմբերի 25-ին «F-16» կործանիչների օդաչուների խոսակցություն է եղել` «կիրակի ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն», բայց պատերազմի հավանականությունը 30 տոկոս է գնահատվել
2018 թվականից ԱԱԾ-ն ու ԱԱԾ հետախուզությունն անընդհատ ահազանգել են պատերազմի հնարավորության մասին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛, ժամկետներ էլ են նշվել՝ 2018-ի ամռանը, աշնանը, հոկտեմբերին, սեպտեմբերին, 2019-ի գարնանը, ամռանը։ Այդ տեղեկատվությունը միշտ եղել է, այդ տեղեկատվությունը բաց աղբյուրներում էլ է եղել, այդ տեղեկատվությունը վերլուծաբաններն էլ են դրել», - ասաց նա։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ռադիոկլանման միջոցով «F-16» կործանիչների օդաչուների խոսակցությունն է եղել, որ «կիրակի ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»։ Նա հետաքրքրվեց՝ Գասպարյանը զեկուցե՞լ է այս մասին վարչապետին։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, այո՛, այդ տեղեկատվությունը զեկուցվել է իրեն։
«Մեր ինստիտուտները մինչև ամսի 25-ը 30 տոկոսով են հավանական գնահատել պատերազմը։ Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև միջազգային գործընկերների հետ շփումներից։ Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է ու հավանականություն է հնչել, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնան անհամաչափ զիջումների։ Այս թեմայի հետ կապված դռնփակ հատվածում ես լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեմ, այդ տեղեկությունները տրամադրել եմ նաև Քննչական կոմիտեին»,- մանրամասնեց վարչապետը։
Նա ասաց, թե իրեն զեկուցվել է, որ միջազգային գործընկերներն էլ պատերազմը քիչ հավանական են համարում ու կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնի՝ «չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»։
«Ես՝ անձամբ այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չէի, իմ հրահանգը միշտ եղել է այն, որ պետք է ապահովել բարձր զգոնություն»,- ասաց նա։
Վարչապետն ասաց, թե 2020 թվականի հուլիսին ՊՆ-ում խորհրդակցություն է արել, հարցրել է՝ ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որոնց ի հայտ գալու դեպքում գնահատվում է՝ վերջ, հարձակում է տեղի ունենալու։
«Ինձ ասել են, որ, այո՛, կան նման ինդիկատորներ։ Իմ հրահանգը եղել է միանշանակ, անկախ ամեն ինչից, ես հիմա բաց հրահանգ եմ տալիս, որ եթե այդ ինդիկատորները ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի, ինչը հիմա տեսնում ենք, որ, ցավոք սրտի, տեղի չի ունեցել»,- ասաց նա։