27/06/2023 10:52
«ՊՊԾ-ն բանակցային գործընթացից տեղյակ լինելու որևէ գործառույթ չունի». Փաշինյանը հիշեց Դուշանբեում վերելակում տեղի ունեցած դեպքը
Պետական պահպանության ծառայությունը բանակցային գործընթացից տեղյակ լինելու որևէ գործառույթ չունի, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իր գործը լրիվ ուրիշ է»,- ասաց նա։
Վարչապետը հիշեց 2019-ին Դուշանբեում վերելակի մեջ տեղի ունեցած դեպքը, երբ Ալիևի հետ է եղել ու վերելակում եղել է նաև ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։
«Այդ ժամանակ մեզ հետ ներկա երրորդ մարդը Գրիգորի Հյարապետովն էր, 4-րդ մարդու համար վերելակում տեղ չկար, հետո, երբ որ ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին պատմել, որ վերելակում ինչ-որ դավադիր խոսակցություն է տեղի ունեցել, այդ ժամանակ ես արդեն Հայրապետովին ազատել էի աշխատանքից։ Ասացի՝ իրան հրավիրեք, տեսեք՝ ի՞նչ կարող էր տեղի ունենալ այդ վերելակում։ Այսինքն՝ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, որ քայլելիս ինչ-որ բան խոսես ինչ-որ բան լսի, բայց բանակցային բովանդակություն, որը փակ սենյակում է... կառաջարկեի հույս չդնել այդ առումով ՊՊԾ-ի վրա, որովհետև դա իրենց գործը չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։