27/06/2023 13:54
Չեմ իմացել, թե իմ որդին պատերազմի ժամանակ որտեղ է. մտածել եմ՝ եթե ես հիմա հետաքրքրվեմ, թե իմ որդին որտեղ է, դա նշանակում է՝ մյուս զինվորներին ինձ որդի չեմ համարում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ չի իմացել՝ որդին 44-օրյա պատերազմի ժամանակ որտեղ է զինվորագրվել։
«Դրա համար ունեցել եմ մեկ պատճառ, ես մտածել եմ, որ եթե ես հիմա հետաքրքրվեմ, թե իմ որդին որտեղ է, դա նշանակում է, որ ես մյուս զինվորներին ինձ որդի չեմ համարում»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ասաց նա։
Նա ասաց, թե իրեն չի հետաքրքրել՝ կարող է Աշոտին տարել են, թիկունքային տեղ են պահում կամ առաջնագծում է, վտանգավոր է, վտանգավոր չէ։
«Ես ինձ՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրքրվել, թե իմ որդին որտեղ է կամ օրն ավարտվեց՝ ինչ է տեղի ունենում»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե նոյեմբերի 9-ից հետո է իմացել, թե որտեղ է եղել որդին պատերազմի ժամանակ։
«Գնացել եմ տուն, իմացել եմ, որ ինքը հետախուզական խմբի մեջ է, առաջադրանք է տրված եղել առաջնագծում ու ինքը փոքր խմբով, լինելով ջոկի հրամանատար, հրետակոծության տակ է ընկել ու իր ծառայակիցը, որի հետ իրենք կա՛մ խրամատում, կա՛մ գետնին պառկած են եղել մարմիններով իրար հպված, զոհվել է»,- պատմեց վարչապետը։