27/06/2023 10:47
Այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել «պատերազմական կոնվեերը» կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան
2018 թվականի առաջին գործը, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բանակցային նախորդ շրջանի գործընթացը ուսումնասիրելն է եղել։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այսօր նա հայտարարեց՝ 2019 թվականին ինքը բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանել է «պատերազմական կոնվեեր»։
«Տրամաբանությունը հետևյալն է՝ խաղաղությամբ տուր ինձ այն, ինչ ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը ու իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են կոնվեերը կանգնեցնել, ինչպես է հնարավոր դա կանգնեցնել ու, ես, այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեերը կանգնեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, թե բանակցային գործընթացից այն, ինչ 2018 թվականի դեկտեմբերին գիտեր բանավոր, 2019 թվականի դեկտեմբերին գիտեր արդեն գրավոր։