28/06/2023 21:56
Եղունգների հետ կապված ցանկացած խնդիր կարելի է լուծել ոչ վիրահատական մեթոդներով. մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյան
Մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը խոսել է տարածված խնդիրներից մեկի՝ եղունգների ախտահարումների մասին՝ առաջարկելով բուժման ոչ վիրահատական տարբերակներ։
«Երիտասարդների մոտ եղունգների ախտահարումների հաճախացումը հիմնականում պայմանավորված է ժամանակակից խնամքի միջոցներով: Գեղեցկության սրահներում մատնահարդարները կիրառում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպեր: Այդ ճառագայթները և կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել սնկային հիվանդություններ: Խնդիրն այն է, որ առաջացած խնդիրները հաճախ աղջիկներն ու կանայք փորձում են կոծկել արտաքին խնամքով, բայց դրանով ավելի են վատթարացնում եղունգների վիճակը: Երբեմն այն աստիճանի, որ որոշ կլինիկաներում առաջարկվում է հեռացնել ախտահարված եղունգը: Ես դա համարում եմ ոչ օպտիմալ լուծում: Ինչ աստիճանի բարդ ախտահարում էլ լինի, ես առաջարկում եմ բուժման ոչ վիրահատական մեթոդնե», - ասում է մասնագետը։
Անդրադառնալով առաջարկվող մեթոդներին, պոդոլոգը նշում է, որ դրանք արդիական բուժական մեթոդներ են, որոնցից են՝ լազերոթերապիան (լազերի միջոցով իմպուլս է հաղորդվում եղունգի ախտահարված օջախին՝ նպաստելով դրա աստիճանական վերացմանը), պլազմոթերապիան (պլազման մարդու երակից վերցված սեփական արյունից անջատ շիճուկն է, որը ներարկվում է ախտահարված օջախում), արկադայի մեթոդը (ներաճած եղունգները բարձրացվում են և հատուկ նյութի կիրառմամբ աճի ամբողջ ընթացքում պահպանում են դիրքը), բժշկական մշակումը՝ հատուկ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, հարեղնգային թմբիկի պլաստիկան (կոագուլյացիա), թիթեղների տեղադրումը, որի միջոցով կառավարվում է եղունգի աճի ճիշտ ուղղությունը, տամպոնադայի մեթոդը (օգտագործվում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը):
«Նշված մեթոդների գլխավոր առավելությունն այն է, որ դրանց շնորհիվ մենք չենք հեռացնում եղունգը, ինչպես ընդունված էր մինչև հիմա: Բոլոր մեթոդները կիրառվում են առանց անզգայացման և կատարվում են անցավ, պրոցեդուրայից հետո պացիենտն իր ոտքով տուն է գնում: Այս մեթոդների շնորհիվ իրականացվում է կոմպլեքս բուժում, պահպանվում ու վերականգնվում է եղունգի կենսունակությունը», - ասում է բժիշկը:
Մաշկաբանը վստահեցնում է, որ ոչ վիրահատական լուծումները նպատակահարմար է կիրառել եղունգների յուրաքանչյուր խնդրի համար: Եթե պացիենտն ունի եղունգների դեֆորմացիա, տեղադրվում են հատուկ թիթեղներ: Թիթեղները ապահովում են եղունգի աճի ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես ատամների աճի ուղղությունը շտկելու համար տեղադրվող բրեկետները: Կատարվում են նաև բժշկական ապարատային մշակում՝ հատուկ գործիքներով և եղունգների պլաստիկա:
«Սնկային հիվանդությունը, որը եղունգների հաճախ հանդիպող հիվանդություններից է, բուժվում է մի քանի մեթոդների համադրությամբ: Նախ կատարվում է բժշկական ապարատային մշակում, այնուհետև լազերոթերապիա, հարկ եղած դեպքում արվում է նաև պլազմոթերապիա և անցկացվում է դեղորայքային նշանակում: Գործընթացը տևում է մոտ 30 րոպե, անցավ և առանց անզգայացման: Եղունգների ներաճը նույնպես հաճախ անհանգստացնող խնդիր է, վիրահատություն խորհուրդ չենք տալիս, որովհետև խնդիրն ունի կրկնվելու հատկություն: Ես այս դեպքում կիրառում եմ տամպոնադայի մեթոդը. օգտագործում եմ բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը։ Նաև կիրառում եմ արկադայի մեթոդը, որը թույլ է տալիս լիարժեք վերականգնել եղունգի նախնական տեսքը: Խնդիր ունեցող մատը դրվում է սարքի մեջ և հատուկ, գործիքներով ձգում, որպեսզի չտեղաշարժվի: Այնուհետև հատուկ գործիքներով եղունգի խնդրային հատվածում կատարվում է ռեկոնստրուկցիա, որի ժամանակ եղունգը բարձրացվում է: Եղունգի կորացած հատվածը հատուկ նյութով է պատվում: Նյութը 6-8 ամիս կարող է մնալ եղունգին և ամրացնել այն: Այս մեթոդի կիրառումը վերցրել եմ լեհ մասնագետներից ու առաջինն եմ այն կիրառել մեր երկրում», - նկատեց Մուշեղ Մանուկյանը:
Եղունգների սնուցման խանգարումների ժամանակ (օնիխոդիստրոֆիաներ) ևս, երբ դրանք բարակում, շերտավորվում և ճաքեր են տալիս, եղունգի տակ օդ է հավաքվում, կարելի է դիմել պլազմոթերապիայի մեթոդին և 2-3 ամիս հետո լիորվին վերականգնել եղունգների առողջ տեսքը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: