28/06/2023 13:48
Սոթքի ոսկու հանքավայրի փակումը բացասաբար է ազդել Հարավկովկասյան երկաթուղու վրա. Մելնիկով
Սոթքի հանքավայրի փակումը բացասաբար է ազդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի վրա։
«Մենք աշխատել և աշխատում ենք GeoProMining-ի հետ Զոդի կայարանից Արարատի կայարան ոսկու հանքաքարի տեղափոխման ուղղությամբ։ Մի շարք օբյեկտիվ պատճառներով՝ այս տարի մայիսից դադարեցվել են փոխադրումները։ Մեզ համար սա լուրջ, բարդ խնդիր է, քանի որ մենք մեր առջև խնդիր ենք դրել պահպանել թիմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նա նշեց, որ միջոցներ են ձեռնարկվում ներքին բեռնափոխադրումները ավտոմոբիլայինից երկաթուղային տրանսպորտի փոխադրելու ուղղությամբ։
«Ընդհանուր առմամբ, Սոթքի ոսկու հանքավայրի փակումն ազդել է մեզ վրա»,- ասել է Մելնիկովը։
Մայիսի 30-ին ԳՊՄ ԳՈԼԴ-ը հայտարարություն տարածեց, որում ասված էր.
«Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է։
Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած՝ ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցները։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։
Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել՝ Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Այդպիսով, Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր):
Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»։