28/06/2023 12:19
Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դա մեր կարմիր գիծն է, որ ոչ ոք իրավունք չունի խախտելու. Արցախի ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է, Արցախի խորհրդարանում հրավիրված նիստում հայտարարեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։
«Դա մեր կարմիր գիծն է, որ ոչ ոք իրավունք չունի խախտելու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ», - հայտարարեց Արթուր Թովմասյանը։
Նա նշեց, թե բարձր են գնահատում ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ-ի Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը։
«Քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և արդարադատության միջազգային դատարանի որոշումները», - հայտարարեց Արթուր Թովմասյանը։