28/06/2023 21:33
Ադրբեջանցիները կրակել են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ, հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 28-ին, ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.), որը Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ է կատարել, թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից․ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։
«Նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում Գիշի գյուղի բնակիչ Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Նրանք մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշված է Արցախի ՆԳՆ հաղորդագրությունում։