28/06/2023 12:39
Հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կեղծ համարանիշներով BMW X5
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում BMW X5 մակնիշի ավտոմեքենա է շրջում, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները կեղծ են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերում են նշված BMW X5-ը, որից հետո ժամանած Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները վարորդին՝ կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժին։
Արդեն տեղում վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Պետրոսյանը, հայտնում է, որ «ԱՄՆ դեսպանատան 01 D 011 AM համարանիշները, որոնք կեղծ են, գտնվում են իր ավտոմեքենայի բեռնախցիկում»։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։