28/06/2023 10:03
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը դժգոհել են՝ ինչո՞ւ պիտի «վիզ դնեն» Ավինյանի համար և ինչպե՞ս իմանան՝ ինչ է հարկավոր անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո, ՔՊ խմբակցությունում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։ Ըստ մեր աղբյուրի՝ նրան «բերման են ենթարկել» որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Ասենք՝ ինչպես է պատկերացնում քարոզարշավը, ինչ միջոցներով ու մեթոդներով։ Ավինյանի մասին պտտվող ոչ մի խոսակցություն չի շրջանցվել։ Օրինակ, պատգամավորներից մի քանիսը դժգոհել են, որ նա իրեն հեռու է պահում թիմից, հեռախոսազանգերին չի պատասխանում, իրենք ինչո՞ւ պիտի «վիզ դնեն» իր համար և ինչպե՞ս իմանան՝ ինչ է հարկավոր անել։ Ավինյանը պատասխանել է, որ ֆիզիկապես չի հասցնում՝ գրեթե 24-ժամյա ռեժիմով հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ։ Պատգամավորներից մեկը հարցրել է նրա և քրեական հեղինակությունների շփումների մասին՝ նկատելով, որ գուցե հույսը դրանց վրա է դրել, որ ձայն կբերեն։ Ավինյանը վրդովվել է և հորդորել՝ փաստերով խոսել իր հետ, թե ում հետ է հանդիպել, երբ, որտեղ և այլն։ Նա հասկացրել է, որ քարոզարշավը չի տանելու սևի-սպիտակի բաժանումով, ինչը ոմանց դուր չի եկել։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Խաչատուր Սուքիասյանը, ով Ավինյանի հետ, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերություններ չունի։ Նա թեկնածուից հետաքրքրվել է՝ ծրագիր ունի՞, ի՞նչ է առաջարկելու ինտելեկտուալ զանգվածին։ Մեր աղբյուրն ասում է, որ Ավինյանը, մեծ հաշվով, «կրել» է ՔՊ-ականների հետ մարտը։ Անգամ ակնարկել, որ որևէ մեկի մտքով չանցի իրեն դիմել շինթույլտվության կամ նման այլ հարցերով, անհանգստացնել իր թիմակիցներին։ Ասել է, որ ակտիվ ու համագործակցված քարոզարշավ կիրականացնեն, և ինքն ակնկալում է բոլորի օգնությունը։ Հանդիպումը տևել է 4 ժամից ավելի»։