29/06/2023 15:20
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը Երևանում կքննարկի Հայաստանի կողմից միջազգային պատժամիջոցներին հետևելը
Հունիսի 29-ից 30-ը Հայաստանում կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից։
Իր այցի ընթացքում պարոն Այերը կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների հիմնական թեման կլինի Հայաստանի կողմից միջազգային պատժամիջոցներին հետևելը և այն, թե Միացյալ Թագավորությունն ինչպես կարող է աջակցել դրան։
Բացի այդ, պարոն Այերը հնարավորություն կունենա ականատես լինելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ այցելելով կրթական և բիզնես ընկերություններ։ Նա նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Կումար Այերի այցը Հայաստան ընդգծում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը։