29/06/2023 11:50
Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը, հարցը Փաշինյանն է. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ, հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։ Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․
«Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։
Նախագահի այս պատասխանին արձագանքելով՝ Հրաչ Վարժապետյանը նշել է․
«Պարո՛ն նախագահ, իբրև Ֆրանսայի քաղաքացիներ ենք դիմում Ձեզ՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի և ակնկալում ենք՝ Արցախի մեր հայրենակիցներին գործնական զորակցության ցուցաբերում։ Գիտենք՝ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, տարբեր առիթներով արծարծում է Ձեզ հետ Արցախի տագնապալի և հույժ մտահոգիչ կացությունը, մենք էլ մեր հերթին դիմում ենք Ձեզ՝ միևնույն պահանջով ու միևնույն հարթությամբ: Պետք է հստակ լինի նաև այն, որ մեզ համար անընդունելի է հայապատկան դարավոր Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ խոսակցություն կամ մտադրություն»:
Նախագահ Մակրոնն ի պատասխան հաստատել է. «Չկասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»: