29/06/2023 12:51
Արդյո՞ք Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. հարց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին
Ես այդ պահին Վիեննայում գործուղման էի, և պարոն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները՝ իմ հանձնարարությամբ։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Արմեն Աշոտյանը քաղբնտարկյալ է՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա նաև ավելացրեց, որ Արմեն Աշոտյանը բողոքներ չի ներկայացրել պահման պայմանների հետ կապված.«Հիմնական մտահոգությունները վերաբերել են գործի քննությանը, ինչպես նաև խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին։ Դրանք մենք արձանագրել, փաստաթղթավորել ենք։ Աշխատակազմի ներկայացուցիչներն անընդհատ կապի մեջ են եղել պարոն Աշոտյանի փաստաբանի հետ։ Եվ այդ հարցերի հետ կապված մենք արդեն իսկ գրություններն ուղարկել ենք իրավասու մարմիններին և պատասխանները ստանալուց հետո արդեն կորոշենք ՄԻՊ հետագա գործողությունները»։
Լրագրողները կրկին հետաքրքրվեցին, թե այդ ամենն ուսումնասիրելուց հետո ի՞նչ եզրահանգման են եկել, արդյոք Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման չի՞ ենթարկվում այս իշխանությունների կողմից.«Մի անգամ էլ նշեմ, որ մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու ինչ դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև կարևոր է հասկանալ մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Միայն դրա պարագայում է, որ մենք կարողանում ենք եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ։ Կխնդրեմ սպասենք պատասխաներին, որպեսզի նոր հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք իրականացնել»։