29/06/2023 11:29
Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցնում են խաղաղության պայմանագրի տեքստը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքով առաջացած խնդիրներին։
«Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 4 զինծառայող է զոհվել։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին, պետք է ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ-ի ՊԲ-ն շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադրի ռեժիմը։ Ադրբեջանական հրապարակումների մտացածին լինելը ԼՂ-ի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա այն քաղաքականությունն է, որի վերաբերյալ հայկական կողմը երկար ժամանակ է՝ ահազանգում է։
«Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 22/56 բանաձևն է։ Այդ բանաձևի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է.
«Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունը և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»։ Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է.«Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂ-ի բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տներն ու համայնքները։ Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ-ի բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում՝ չեցոք միջազգային ներգրավվածության միջոցով»։ Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է ԼՂ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի և բնական գազի արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է մարել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքի ապաարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը», - բարձրացայնեց վարչապետը։
Փաշինյանը նաև կարևոր համարեց արձանագրել այն, որ ԵԽԽՎ-ի բանաձևում ԼՂ-ում իրավիճակը գնահատվում է հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ.«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ժգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽԽՎ-ի գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»։
Վերադառնալով հունիսի 27-ի սադրանքին՝ վարչապետն ընդգծեց, որ դրա նպատակը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելն է.«Այս օրերին ՀՀ պատվիրակությունը, ԱԳ նախարարի գլխավորությամբ, Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»։