29/06/2023 17:56
Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով հատուկ համակարգողը
Հայաստան է ժամանել դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Հայաստան այցի ընթացքում, հունիսի 29-30-ը, դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։
Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Նշենք, որ հունիսի 29-ից 30-ը Հայաստանում կգտնվի նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից հայտնել էին, որ այցի ընթացքում Այերը կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների հիմնական թեման կլինի Հայաստանի կողմից միջազգային պատժամիջոցներին հետևելը և այն, թե Միացյալ Թագավորությունն ինչպես կարող է աջակցել դրան։